«Նաիրիտ» գործարանը ամբողջությամբ կարող է աշխատել իրանական գազով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, մամոլի ասուլիսի ժամանակ նշել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով՝ Իրանի հետ կարելի էր պայմանավորվել բարտերային մեխանիզմի շուրջ «գազ՝ կաուչուկի դիմաց» սկզբունքով:

«Նաիրիտի» վերագործարկման դեպքում այն կօգտագործի տարեկան 100-120 մլն խմ գազ, ինչն այնքան էլ շատ չէ: Համեմատության համար Երեւանի ՀԷՑ-ը օգտագործում է տարեկան 480 մլն խմ գազ: Գազի փոխարեն մենք Իրանին կտանք «Նաիրիտում» արտադրված կաուչուկ: Իսկ մնացած արտադրանքը կարող ենք վաճառել միջազգային շուկաներում: Աշխարհում հիմա այդպիսի ընդամենը 6 գործարան կա, որոնք սինթետիկ քլորոպրենային կաուչուկ են արտադրում: Իսկ մեր գործարանը այժմ կորցնում է իր դիրքերն աշխարհում»,-ասել է Սաֆարյանը:

Այդ դեպքում, նրա խոսքով, միջոցները կբավարարեն «Նաիրիտը» վերազինելու եւ ընկերության ունեցած պարտքերը (այդ թվում աշխատավարձի) մարելու համար: