Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջեւ ստորագրվել է Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը եւ ԱՄՆ ՄԶԳ երեւանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը:

Այնուհետեւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ ամերիկյան GK Brand ընկերության միջեւ կնքվել է Ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ պայմանագիր: Այն ստորագրել են Արման Խաչատուրյանը եւ ամերիկյան ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանը: 

Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման ուղղությամբ: Հաշվի առնելով բրենդավորման կարեւորությունը ՀՀ զբոսաշրջային եւ ներդրումային գրավչության բարձրացման, տնտեսության զարգացման, ինչպես նաեւ երկրի միջազգային հեղինակության բարձրացման գործում` GK Brand ընկերությունը կներկայացնի երկրի բրենդավորման մրցունակ ռազմավարություն, ներառյալ եռամյա կտրվածքով բրենդի հաղորդակցման մանրամասն ռազմավարություն եւ ծրագիր:

Գործընկերները համոզված են, որ ճիշտ ընտրված տարբերանշանը, արդյունավետ տեղեկատվության տարածումը, համատեղ տարբեր ծրագրերի ու նախագծերի իրականացումն էապես կօգնեն Հայաստանին` երկրի բացառիկությունը եւ գրավչությունը պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին ներկայացնելու առումով:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը կարեւորել է ստորագրված փաստաթղթերն ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների համար: «Կառավարությունների մակարդակով ստորագրված այս համաձայնագրի նպատակը միջոցների տրամադրումն է հիմնադրամին՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու համար: Հայաստանում քաղավիացիայի ազատականացմանը զուգընթաց ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ մարդիկ կայցելեն Հայաստան: ՀՀ-ում բացվել են մի շարք նոր հյուրանոցներ, այդ թվում ամերիկյան՝ «Հայաթ»-ը եւ մյուսները: ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել ՀՀ-ին՝ զբոսաշրջության զարգացման գործում, եւ այսօվա համաձայնագիրն ուղղված է այդ նպատակին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ջոն Հեֆերնը:   

Վազգեն Քալայջյանը՝ որպես ամերիկյան ընկերության ներկայացուցիչ եւ սփյուռքահայ, նշել է, որ մեծ ուրախությամբ է ստանձնում իր առաքելությունը, որն ուղղված կլինի Հայաստանը միջազգային գլոբալ շուկայում ներկայացնելուն: Քալայջյանի խոսքով՝ իրենց նպատակն է Հայաստանը ներկայանալի դարձնել աշխարհում՝ իր առանձնահատկություններով, արտադրանքով եւ մշակույթով:

Արման Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանի այս նախաձեռնությանն օժանդակելու համար: Նրա խոսքով՝ Հայաստանի բրենդի մշակման գործում կներգրավվեն հասարակության բոլոր շերտերը:

GK Brand-ը մարքեթինգի ոլորտում մեծ համբավ վայելող ընկերություն է, որն աշխատել է աշխարհի 50 երկրներում, իրականացնում է Ազգային բրենդի զարգացման բազմաթիվ ծրագրեր: