Երեւանի քաղաքապետին կից Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի շրջանակում կազմակերպվել են հանրային բաց լսումներ:
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ Երեւանի քաղաաքապետարանը օրենքով սահմանված կարգով բոլոր շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց քաղաքապետարանի պաշտոնական կայքով, ինչպես նաեւ մամուլով փետրվարի 5-ից 20-ը ներառյալ տեղեկացրել է Երեւան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվության նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին եւ լսումներին մասնակցելու հրավերի մասին:
Հանրային լսումներին մասնակցել եւ իր առաջարկություններն է ներկայացրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը: Լսումներին մասնակցել են նաեւ Երեւան քաղաքի ավագանու անդամներ:
Պատասխանելով հետաքրքրող բոլոր հարցերին՝ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը կարեւորում է քաղաքացիների մասնակցությունը քաղաքային նշանակության ծրագրերին եւ ակնկալում էր քաղաքացիների ու կազմակերպությունների ավելի մեծ թվով մասնակցություն հանրային լսումներին:
Քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է նաեւ, որ անկախ աուդիտոր «ՖԻՆՏԵԽ ԱՈՒԴԻՏ» ՓԲԸ-ն, հաշվի առնելով իր կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները, հաշվետվության նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:



























