Ես վաղը գրավոր կդիմեմ առողջապահության նախարարին ու կօգնենք: ՀՀԿ գործադիր մարմնի նիստին շտապող Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն, այսօր` փետրվարի 20-ին, այսպես արձագանքեց ՀՀԿ գրասենյակի մոտ դեղորայքի գումարի ակնկալիքով իրեն դիմած տարեց կնոջը:

«Պարոն Շարմազանով, նոր եմ սիրտս վիրահատել, դեղ պիտի առնեմ, բայց փող չունեմ, խնդրում եմ օգնեք էլի»,- ասաց տարեց կինը` Արեւհատ Մարտիրոսյանը:

Շարմազանովը, տեսնելով NEWS.am-ի տեսախցիկը, անմիջապես խոստացավ վաղը դիմել Առողջապահության նախարարին եւ այս հարցը լուծել:

«Ժիրո, Ժիրո, արի: Հիմա Ժիրոն մեքենան կանգնեցնի, ձեզ կմոտենա ու ձեր տվյալները կվերցնի: Ես վաղը գրավոր կդիմեմ նախարարին ու կօգնենք»,- ասաց ԱԺ փոխնախագահն ու հեռացավ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Արեւհատը պատմեց, որ ապրում է Մալաթիա Սեբաստիա թաղամասում եւ եկել է «հատուկ Էդուարդ Շարմազանովին տեսնելու համար»:

«Սիրտս վիրահատել եմ, բայց փող չունեմ դեղ առնեմ: Շարմազանովն ասաց, որ վաղը գնամ, կօգնի»,- ասաց նա` ավելացնելով, որ ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության համար է աշխատել:

Նշենք, որ քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այստեղ են նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: