ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում ներկուսակցական, ներքաղաքական հարցեր են քննարկվել, «առանձնահատուկ ոչ մի բան»: Այս մասին այսօր` փետրվարի 20-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր հերթական նիստն էր, առանձնահատուկ ոչ մի բան: Ներկուսակցական, ներքաղաքական հարցեր»,- ասաց Շարմազանովը:
Լրագրողների հարցին` արդյոք քննարկվե՞լ է ԱԺ ոչ կոալիցիոն 4 խմբակցությունների համատեղ պահանջը` կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ, Շարմազանովը բարկացավ. «Նույնիսկ իրենք չեն հստակեցրել, մեր կարծիքը հստակ է, անցած անգամ էլ եմ ասել: Կուսակցության օրակարգում կառավարության հրաժարականի հարց դրված չէ: Ավելին, տնտեսական քաղաքականության վերաբերյալ իր դիրքորոշումը նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է ԵԿՄ համագումարի ժամանակ»:
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է Շարմազանովը գնահատում ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կարիք կա նախագահի ելույթը մեկնաբանելու: Օբյեկտիվ եւ ճիշտ էր ամեն ինչ»:
Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով նախագահի հայտարարությանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, ընդգծեց, որ նախագահն իրավունք ունի իր դիրքորոշումը հայտնել:
«Եթե «Դեմ եմ» շարժումը ակցիաներ է անում, հիմա դա ճնշո՞ւմ է Սահմանադրական դատարանի վրա, թե՞ ոչ: Երկրի նախագահը շատ բաց եւ հրապարակային գործիչ է, եւ իր կարծիքը մատչելի ձեւով ներկայացրեց»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում» կայացած Երկրապահ կամավորների միության հոբելյանական 10-րդ համագումարի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել էր միության անդամներին հուզող մի շարք հարցերի, այդ թվում կուտակային կենսաթոշակային նոր օրենքի մասին: Այս օրենքի դեմ պայքարողների կողմից նախագահի հայտարարությունը դիտվել էր որպես ճնշում Սահմանադրական դատարանի վրա, որը մարտի 28-ից սկսելու է քննել` արդյոք օրենքը հակասահմանադրական է, թե ոչ:



























