ՍԴՀԿ եւ ՀՅԴ միությունները, ինչպես նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում բողոքում են ապրիլի 24-ին զվարճանքի հաստատությունների գործելու դեմ:

Նամակում ասվում է. «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը մի մարդու պես դուրս չեն գալիս աշխատանքի, փակում են իրենց աշխատանքի վայրերը` այդ կերպ ևս յուրատեսակ հարգանք արտահայտելով անմեղ նահատակների հիշատակին և բողոքի ձայն բարձրացնելով այն անարդարության դեմ, որի լուռ ականատեսն են աշխարհի հզորները:

Պարոն Վարչապետ, ամեն տարի ապրիլի 24-ին Երևանում կարելի է ականատես լինել տհաճ տեսարանի, երբ համաժողովրդական վշտի այդ օրը աշխատում են զվարճանքի հաստատություններ, բացվում են այնպիսի ծառայություններ մատուցող օբյեկտներ, որոնց տերերը գոնե այդ օրը պարտավոր են դուրս չգալ աշխատանքի:

Մենք`հայ երիտասարդներս, դիմում ենք Ձեզ, պարոն Վարչապետ, այն ակնկալիքով, որ Դուք այս տարի խստագույն քայլեր կձեռնարկեք, որպեսզի նմանատիպ տհաճ երևույթները տեղ չգտնեն ապրիլքսանչորսյան համաժողովրդական սգի և ցասման օրը»:

Նամակը ստորագրել են ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը, ՍԴՀԿ «Արչիլ Գորկի» մշակութային միությունը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Հայազն» Երիտասարդների Միաբանությունը, Ազատամարտիկների զավակների «Փառքի Պահապաններ» երիտասարդական միավորումն ու «Ադանա» հայրենակցական միությունը: