«Քանի դեռ Նախագահի ուղերձը չկա, բնականաբար մենք չգիտենք, թե նա ինչ որոշում կկայացնի, չեմ կարծում, որ ճիշտ է հիմա ենթադրություններ անելը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդվարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի դրսի արձագանքը, եթե Հայաստանը կասեցնի հայ-թուրքական գործընթացը, կամ նույնիսկ հետ կանչի իր ստորագրությունը արձանագրություններից, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դրսի արձագանքը պետք է կոշտ լինի, որովհետեւ Հայաստանն այս գործընթացի ընթացքում ցույց է տվել իր կառուցողական լինելը: Հիմա միջազգային հանրությունը պետք է դժգոհ լինի ոչ թե Հայաստանից, այլ Թուրքիայի գործելաոճից: Պատահական չէ, որ նախագահ Սարգսյանը հտակ նշեց, որ եթե մենք տեսնենք, որ Թուրքիան արհեստականորեն ձգձգում է գործընթացը, մենք միակողմանիորեն կկասեցնենք գործընթացը: Այստեղ խնդիրն ավելի շատ Թուրքիայի մեջ է»:

Է. Շարմազանովի ներկայացմամբ. «մենք չենք պատրաստվում հետ վերցնել մեր ստորագրությունը, այլ պարզապես առաջարկել ենք Նախագահին՝ կասեցնել գործընթացը, քանի որ առաջին քայլը պետք է անի Թուրքիան»:

«Մենք միշտ հայտարարել ենք, որ կվավերացնենք արձանագրությունները միայն Թուրքիայից հետո: Իսկ Թուրքիայի վարչապետն ասում է, որ իրենց մոտ մթնոլորտն այն չէ, կամ խնդիրը կապում են Ղարաբաղի հարցի հետ: Երբ Թուրքիան կհասկանա եւ կդադարի խոսել նախապայմանների լեզվով, ապա մենք պատրաստ ենք առանց նախապայմանների հաստատելուն»,- ընդգծեց նա ու հավելեց. «Ես չգիտեմ, թե ինչ կորոշի Նախագահը, կընդունի՞ կոալիցիայի առաջարկը թե` ոչ: Միայն կոալիցիայի առաջարկի մասով կարող եմ ասել, որ այն բխում է մեր երկրի շահերից եւ չի հակասում արձանագրությունների ոգուն»: