Կանադայի խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված հուշ-երեկո, որին կանադահայ կազմակերպություններից բացի մասնակցել են Կանադայի խորհրդարանի բազմաթիվ անդամներ և Կանադայում հավատարմագրված դիվանագետներ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, ելույթ են ունեցել Կանադայի խորհրդարանում ներկայացված Պահպանողական, Ազատական, Նոր դեմոկրատական կուսակցությունների և «Քեբեկյան բլոկ»-ի պաշտոնական ներկայացուցիչները, Կանադայի գիտության և տեխնոլոգիաների նախարարը: Օրվա բանախոսներն էին հանրահայտ կանադահայ դերասանուհի Արսինէ Խանջյանն ու հայտնի ցեղասպանագետ, ռաբբի Սթիվեն Ջեյկոբսը (ԱՄՆ):

Միջոցառումը եզրափակել է Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը, որը մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Կանադայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և հայ-թուրքական հարաբերություններում կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ավանդական արարողություն տեղի կունենա նաև Հայաստանի դեսպանությունում: