NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Կիեւո-Մոգիլյան ակադեմիա» ազգային ինստիտուտի համեմատական քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսեյ Գարանյայի հոդվածը, որը հրապարակվել է բրիտանական «The Guardian» թերթում:

«Կրեմլը կեղծարարության տարբեր ձեւեր է օգտագործում, որպեսզի արդարացնի իր ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ եւ Ղրիմի թերակղզին անեքսիայի ենթարկելու իր պլանները: Դրանցից մեկն այն է, որ ուկրաինացիների «եվրոմայդան» անվանումը կրող զանգվածային բողոքի ակցիաներն ընդդեմ Յանուկովիչի կոռումպացված եւ արյունալի ռեժիմի ուլտրաաջ ծայրահեղականների հավաքատեղի է, որոնք ցանկանում են ազգայնական իշխանություն հաստատել Ուկրաինայի բոլոր այլ էթնիկ խմբերի նկատմամբ:

Սակայն Եվրոմայդանը բոլորովին այդպիսին չէր: Թեեւ շատ ուկրաինացի ազգայնականներ կրքոտ կերպով միանում էին Կիեւի կենտրոնում Յանուկովիչի պլանների դեմ բողոքի ակցիաներին, ով ցանկանում էր Ուկրաինան միացնել Մոսկվայի գլխավորած Մաքսային միությանը, ոչ թե ԵՄ-ի հետ ասոցացման հեռանկարային համաձայնագիր ստորագրել, Մայդանը բազմազգ համերաշխության վայր էր՝ ընդդեմ բռնությունների:

Չպետք է մոռանալ, որ Մայդանում ոստիկանական բռնության առաջին զոհ Սերգեյ Նիգոյանը հայ էր, ով եկել էր ռուսալեզու Դնեպրոպետրովսկի մարզից: Հրեաները ակտիվորեն ներգրավվում էին բողոքի ակցիաներում, իսկ մի կրոնավոր հրեա ղեկավարում էր Մայդանի ինքնապաշտպանության միավորներից մեկը:

Ղրիմի թաթարները (մահմեդական սուննիներ), որոնք իշխել են Ղրիմում նախքան այն Ռուսաստանի կողմից գրավվելը 1783-ին, հենց առաջին օրից աջակցում էին Մայդանին եւ հիմա վճռականորեն դեմ են հադեսն գալիս թերակղզու անջատմանը, առավել եւս Ռուսաստանին միացմանը:

Էթնիկ խմբերից դեռ ոչ մի ներկայացուցիչ ուկրաինական ժողովրդավարական հեղափոխության հաղթանակից հետո չի բողոքել իր վիճակի վատթարացումից: Հակառակը, այդ փոքրամասնությունները ցանկություն են հայտնել որքան հնարավոր է շուտ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, ինչը լրացուցիչ երաշխիքներ կտա, որ մարդու իրավունքների խախտումներ կան խտրական վերաբերմունք չի լինի երկրում:

Ավելին, հենց Ղրիմում ռուսական զորքերի ներխուժումից հետո Սիմֆերոպոլի սինագոգում սվաստիկա հայտնվեց: Ուկրաինայի գլխավոր րաբունի Յակով Դով Բլայխը հրապարակավ առաջարկեց «G7»-ի գագաթաժողով անցկացնել Կիեւում, որպեսզի աջակցություն հայտնեն Ուկրաինայի ինքնիշխանությանն  ու տարածքային ամբողջականությանը:

Եվրոպական վերահսկողության ներքո Ուկրաինան կարող է իր մշակութային եւ էթնիկ բազմազանության պաշտպանության եւ զարգացման երաշխիքները տալ: Բայց այդ հնարավորությունը փոքրանում է Արեւմուտքի կողմից ռուսական ագրեսիայի դեմ ուժեղ արձագանքի բացակայության պատճառով: Դրանում վտանգ կա՝ ցույց տալ բոլոր ազգերին, որ ուժը սեփական նպատակներին հասնելու համար ավելի արագ ուղի է, քան երկխոսությունը եւ օրենքի գերիշխանությունը: Ես միայն հույս ունեմ, որ մենք բոլորս հիշում ենք թե ինչի հանգեցրեց նման դիրքորոշումն անցյալում ողջ մայրցամաքի համար: