ԱԺ հանրապետական պատգամավոր Լյովա Խաչատրյանը պարզաբանումներ է ներկայացրել իր կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին երկու օրենքների նախագծերի վերաբերյալ, որոնք կառավարության կողմից հավանության չեն արժանացել:

Հիշեցնենք, որ նախագծերից մեկով, առաջարկվում է ՀՀ-ում ուսումնական և նախադպրոցական հաստատություններում մանկավարժական աշխատողներին ու կրթական գործընթացներին մասնակից այլ անձանց զերծ պահել քաղաքական գործընթացներից:

«Կառավարության կարծիքով, վերը նշված անձանց ընտրական գործընթացներին մասնակցելն արգելելը հիմնավորված չէ, քանի որ „Ընտրական օրենսգրքի“ տրամաբանությամբ ընտրական գործընթացներին արգելվում է մասնակցել ընտրական գործընթացներին ներազդելու իշխանական լիազորություններով օժտված անձանց, մասնավորապես` ոստիկանության, դատախազության, ազգային անվտանգության աշխատողներին և այլոց:

ՀՀ կառավարության նշյալ կարծիքը իմ համար ընդունելի չէ, քանի որ մեր ընտրական գործընթացներին ծանոթ եղողները գիտեն, որ պրակտիկայում մանկավարժները, մասնակցելով ընտրական գործընթացներին, մասնակից են դառնում քաղաքական գործընթացներին և հասարակության մեջ կորցնում իրենց արժեքն ու հեղինակությունը, ինչն ազդում է սերնդի դաստիարկության վրա և հարիր չէ մեր ազգին:

Այս առաջարկությունը սահմանադրությանը չի հակասում և նման դրույթը կարելի է կիրառել ժամանակավորապես»,- նշել է պատգամավորը:

Մյուս նախագծով առաջարկվում է կուսակցության ընտրական ցուցակներով ընտրված, բացառությամբ ցուցակի առաջին երեք համարների, թեկնածուներին հասանելիք մանդատները տալ առնվազն մեկ տարի ժամկետով պարտադիր պատգամավորական գործունեությամբ զբաղվելու համար:

Այս առնչությամբ Լ. Խաչատրյանն ասել է. «Այս դեպքում խոսքը գնում է ընտրական ցուցակներով արդեն ընտրված, մանդատներ ստանալու գործընթացի մասին: Մանդատից հրաժարվելու հարցերը լուծվելու են նույն ձևով, ինչպես գործող օրենքում է: Առաջարկությանս նպատակն է նախ` գործադիրում ունենալ պատգամավորական առնվազն մեկ տարվա փորձ ձեռք բերած քաղաքական գործիչներ, ինչպես նաև այն, որ ընտրված պատգամավորները գոնե մեկ տարի հնարավորություն ունենան իրացնելու ծողովրդի կողմից իրենց ստացած քվեները: Մյուս կողմից, իմ կողմից արված առաջարկությամբ, խորհրդարանում կունենանք ներկայացուցիչներ բոլոր տարածաշրջաններից` լրացնելով ներկայացուցիչների պալատի ինստիտուտի բացակայությունը»:

Նկատենք, որ այս նախագծերի ճակատագրերը պարզ կդառնան պետաիրավական հանձնաժողովում քննարվելուց հետո: