«Թեպետ „Նաիրիտն“ այս պահին չի աշխատում, գործարանն, այնուամենայնիվ, պարապուրդի մատնված չէ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Նաիրիտ» գործարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Հարությունյանը՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե վերջին շրջանում գործարանը պարապուրդի է մատնված, իսկ այնտեղ աշխատող մարդիկ ամիսներով աշխատավարձ չեն ստանում։

Նշելով, որ արտադրական գործընթացի կանգնած վիճակը դեռեւս պարապուրդ չէ, նա տեղեկացրեց, որ «Նաիրիտն» իր աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, կվերսկսի առաջիկա շաբաթվա ընթացքում. «Գործարանը կանգնել է էլեկտրաէներգիայի պարտքերի հետեւանքով, սակայն արդեն ձեռք բերված պայամանավորվածության հիման վրա պարտքերը մաս-մաս վճարվում են. հուսով ենք, որ մինչեւ այս ամսվա վերջ գործարանը կսկսի աշխատել»,- տեղեկացրեց նա։

Անդրադառնալով աշխատավարձերի ուշացման լուրերին՝ Անուշ Հարությունյանը ընդգծեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ «Աշխատավարձերը ստանում ենք, ոչ ոք պարապուրդում չէ, մենք նորմալ կերպով աշխատանքի ենք գալիս եւ ոչ մի խնդիր չունենք. գուցեեւ աշխատավարձերը մի փոքր ուշանում են, սակայն դրանք տրվում են»,- նշեց նա։

Ամփոփելով՝ գործարանի մամուլի քարտուղարը շեշտեց, որ «Նաիրիտում» կրճատումներ չեն արվում, հակառակը, անընդհատ նոր մարդիկ են վերցվում աշխատանքի։

Նշենք, որ այս տարվա մարտի կեսերին «Նաիրիտն» իր գործունեությունը դադարեցրել էր «Հայաստանի Էլեկտրացանցեր»-ին ունեցած պարտքի պատճառով։ Ըստ գործարանի մամուլի քարտուղարի՝ պարտքն անջատման ժամանակ կազմել է 829 միլիոն դրամ: Այնինչ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Նատալյա Սարջանյանի ներկայացմամբ, մարտի 1-ի դրությամբ «Նաիրիտ»-ի պարտքը կազմել է 1 մլրդ դրամ: