Թուրքիայում տեղի է ունեցել Բարձրագույն զինվորական խորհրդակցություն (YAŞ), որի ընթացքում ներկայացվել են Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական զինվորական աստիճանները մինչեւ 2014 թվականը։ Այս մասին հաղորդում է թուրքական «Sabah» թերթը։

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի կողմից վավերացրած որոշումներով՝ մինչեւ 2014 թվականը հրապարակվեցին Թուրքիայի զինված ուժերի նոր հրամանատարական աստիճանները։ «Էրգենեկոնի» գործում որոշ զինվորականների անունների առկայությունը եւ ծովային ուժերի ստորաբաժանումներում հանցագործ խմբավորման գոյության կասկածների պայմաններում Թուրքիայի զինված ուժերի պատմության մեջ ամենածանր Բարձրագույն զինվորական խորհրդակցությունը տեղի ունեցավ։

Թուրքական մամուլում հայտնված ենթադրյալ «Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ ֆեթուլահ Գյուլենի վերացման պլան»-ը ստորագրած ծովային ուժերի գնդապետ Դուրսուն Չիչեքին եւս անդրադարձան։ Գնդապետ Դուրսուն Չիչեքի աստիճանի բարձրացումը նախկինում երկու անգամ հետաձգվել էր։ Այս անգամ էլ ազատ պաշտոն չլինելու պատճառով նրա բարձրացումը կրկին հետաձգվեց։

Երեք զինվորական ձայների մեծամասնությամբ հեռացվեցին Թուրքիայի զինված ուժերից։ Երեք զինվորականների հեռացման պատճառ են հանդիսացել նրանց ֆունդամենտալիստական (իսլամիստական) գործողությունները։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի զինված ուժերի ղեկավարության եւ թուրքական իշխանությունների միջեւ լարված իրավիճակը կապված է «Էրգենեկոնի» գործի հետ, որի շրջանակներում որպես կասկածյալ են հանդես գալիս բարձրաստիճան թուրք զինվորականներ։ «Էրգենեկոնը» ենթադրյալ ահաբեկչական ընդհատակյա կազմակերպություն է, որի նպատակն է հեղաշրջման միջոցով իրականացնել իշխանափոխություն, ինչպես նաեւ կազմակերպել հայտնի անձանց սպանություններ։ Հայտնի է դարձել, որ «Էրգենեկոնի» անդամները նախատեսել էին սպանել Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանին եւ այլն։

Զինված ուժերի եւ իշխանության միջեւ լարվածությունը ուժեղացրեց այս տարվա հունիսի 12-ի «Taraf» թերթում հրապարակված ենթադրյալ «Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ Ֆեթուլահ Գյուլենի վերացման պլանը», որտեղ առկա էր ծովային գնդապետ Դուրսուն Չիչեքի ստորագրությունը։