Սեւանա լճից հավելյալ 70 մլն խմ ջրի բացթողումը կհանգեցնի Սեւանա լճի մակարդակի բացասական բալանսի, որը իր հերթին հակասում է Սեւանա լճի մասին ՀՀ օրենքին: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը:

Նա մասնավորապես, նշել է. «ԿՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Սեւանա լճի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հետ կապված խնդիրը, որը հիմնականում վերաբերում է նախագծով նախատեսված հավելյալ 70 մլն խմ Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի ավելացմանը, այսինքն գործող օրենքով սահմանված 170 մլն խմ փոխարեն նախատեսվում է այն դարձնել 240:

Հաշվի առնելով ոլորտի մասնագետների եւ բնապահպանների կարծիքները` նշված փոփոխությունը կհանգեցնի Սեւանա լճի մակարդակի բացասական բալանսի, որը իր հերթին հակասում է Սեւանա լճի մասին ՀՀ օրենքին: Նման խնդիր առաջացել է դեռեւս 2008 եւ 2012 թվականներին, երբ հանրապետության տարածքում երաշտ էր: Դրա լուծման նպատակով հավելյալ ջուր է բաց թողնվել Սեւանա լճից` այն հասցնելով մոտ 320 մլն խմ-ի: Այսինքն կառավարությունը ունենալով բավական երկար ժամանակահատված` կոնկրետ գործողություններ չի իրականացրել լրացուցիչ ջրամբարներ կառուցելու նպատակով եւ այսօր օրենսդիրին կանգնեցնում է այն փաստի առաջ, որ Արմավիրի մարզի շուրջ 30 համայնքի 8000 հա հողատարածք հնարավոր չէ ոռոգել առանց լրացուցիչ ջրի բացթողման: Իհարկե, մենք օգնել ենք եւ պարտավոր ենք օգնել գյուղացուն ոռոգման հարցում, սակայն պետք չէ մոռանալ նաեւ որ հարցի մյուս կողմում դրված է Սեւանա լճի պահպանման եւ վերարտադրման խնդիրը, որը ամրագրված է 2001 թվականի Սեւանա լճիմասին ՀՀ օրենքով:

Անհասկանալի է նաեւ կառավարության այն մոտեցումը, որ նախագծով նախատեսվում է փոփոխությունը սահմանել 5 տարի ժամանակահատվածով, երբ նրանք մեզ հավաստիացնում են, որ լրացուցիչ ջրանբարների կառուցման հարցը կլուծվի մոտ 1-2 տարվա ընթացքում:

Այս ամենից ելնելով` օրենսդիրը չի տեսնում հստակ երաշխիքներ, որ այդ 5 տարվա ընթացքում կլուծվեն լրացուցիչ ջրամբարների կառուցման հարցերը եւ Սեւանն այլեւս չի դիտարկվի որպես ջրամբար, քանի որ Սեւանը համարվում է կենդանի օրգանիզմ եւ ռազմավարական մեծ նշանակություն ունի մեր երկրի համար:

Խնդրի լուծման եւս մեկ եղանակ պետք է դիտարկել Արարատյան դաշտի մոտ 1,5 մլրդ խմ արտեզյան ջրերի հավաքումը մեր երկրում, որը ձկնաբուծարանների կողմից օգտագործվելուց հետո, հոսում է երկրի սահմաններից դուրս: Այդպիսով լուծում կտրվի հողատարածքների ոռոգման խնդիրներին, եւ այլեւս Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելու կարիք չի լինի: