Թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում թուրք հայտնի պրոֆեսոր Բասքըն Օրանը խոսել է վերջին շրջանում շարունակաբար մսի գնի բարձրացման մասին եւ նշել դրա պատճառները:

Բասքըն Օրանը հաղարդաշարի ընթացքում հիշեցրել է իր դեռեւս 2001-ին գրված հրապարակման մասին, որտեղ քննադատել էր իշխանությունների նախաձեռնությունը` PKK-ին վերացնելու համար արգելք դնել արոտավայրերի վրա: «Ես դեռ այն ժամանակ գրեցի, որ այդ արգելքից հետո Թուրքիայի արեւելյան հատվածի անասնապահությունը կմեռնի եւ այդպես էլ եղավ: Նայեք, մենք այժմ աշխարհի ամենաթանկ միս սպառողներն ենք: Առաջիկայում հնարավոր է, որ նույնիսկ չկարողանանք էլ միս ուտել: Գյուղատնտեսության եւ անասնապահության երկիր հանդիսացող Թուրքիան ընկել է այն վիճակի մեջ, որ ստիպված է միս ներկրել: Ինչո՞ւ: Որովհետեւ չի լուծվել քրդական խնդիրը: Դա քրդական խնդիր չէ, այլ` ահաբեկչության խնդիր: Սա դեռ ոչինչ է, դեռ ինչե՜ր ենք վերապրելու…»,-նշել է Բասքըն Օրանը:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը արդեն հրահանգել է թույլատրել արտասահմանից միս ներկրել Թուրքիա: Աշխարհում մսի թանկ գնի առումով առաջատարը Թուրքիան է: Այնտեղ 1 կգ մսի գինը հասնում է մինչեւ 30 ԱՄՆ դոլարի: