Ս.թ. ապրիլի 27-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավորել է նրան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Պոպովը իր կարեւոր ներդրումը կունենա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
Իգոր Պոպովը շնորհակալություն է հայտնել նախարարին բարեմաղթանքների համար եւ հավաստիացրել, որ կանի առավելագույնը՝ հիմնախնդրի կարգավորմանը նպաստելու համար:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Իգոր Պոպովը իր տպավորություններն է ներկայացրել Բաքվում` Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից:




























