«Հայ ազգային կոնգրեսի ներսում նոր առաջնորդի փնտրտուքների մասին վերջին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը. ՀԱԿ-ի անդամ բոլոր քաղաքական ուժերի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանն ընկալվում է որպես անվիճարկելի առաջնորդ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե ՀԱԿ-ում առաջնորդի փոփոխության հարց է քննարկվում։

Նշելով, որ «այդ առումով ամեն ինչ կարգին է»՝ Զուրաբյանն ընդգծեց, որ նման խոսակցություններ ընդհանրապես չկան։ «Թեպետ ՀԱԿ-ում կան հակասություններ, կան տարբերություններ, բայց միշտ կա կարողություն՝ հանդես գալ միասնական պլատֆորմով»,- շեշետեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Անդրադառնալով արտահերթ համապետական ընտրությունների անցկացման թեմային՝ Զուրաբյանը տեղեկացրեց, որ ինքը երբեք փաստարկներ չի լսել այն մարդկանց կողմից, ովքեր ասում են, թե երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան։ «Նրանք դրա համար որեւէ փաստարկ չեն բերում»,- նշեց Զուրաբյանը՝ համոզմունք հայտնելով, որ ստեղծված իրավիճակում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացներ ցանկացած ժողովրդավարական երկիր։ "Լիտվան, Էստոնիան, Հունգարիան նման իրավիճակում վեց անգամ կառավարությունը փոխած կլինեին, որովհետեւ այնտեղ իշխանության գլխին նստած չեն մարդիկ, ովքեր զենքով կդիմադրեին դրան, իսկ Հայաստանում նստած են ",- նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու հիմքերն առավել քան բավարար են. «Օրինակ, երկրում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Աբսուրդ է, որ ճգնաժամը հաղթահարելու ծրագիր ներկայացնում է ոչ թե կառավարությունը, այլ ընդդիմությունը»,- նշեց Զուրաբյանը։

Ամփոփելով՝ ՀԱԿ ներկյացուցիչը հիշեցրեց, որ իրենք երբեք չեն ասել, որ սեպտեմբերին պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան, պարզապես առաջարկել են ամենաողջամիտ ժամկետները, սակայն անկախ ընտրությունների անցկացումից, մեկ րոպե հանգիստ չեն տալիս իրենց տարածքային կառույցներին։ «Մենք մեզ երբեք թույլ չենք տալու ափալ-թափալ գործելու տարբերակը»,- եզրափակեց Զուրաբյանը։