Թող ոչ ոք չփորձի խաբել ժողովրդին «այլընտրանք» բառի միջոցով: Այդ մասին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած հանրահավաքին ասել է ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նրա խոսքով, մի ոտքով այստեղ, մի ոտքով այնտեղ կանգնածները չեն կարող պայքարել իշխանությունների դեմ: «Պայքարել կարող է միայն ընդդիմությունը եւ միայն համախմբված»,- ընդգծել է Զուրաբյանը: Նշենք, որ «այլընտրանք» ինքն իրեն անվանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: ԲՀԿ-ի անունը Զուրաբյանը չի տվել, սակայն ակնարկը ավելի քան թափանցիկ էր:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն իր հերթին հայտարարել է, թե մի քանի տասնյակ իշխանավորներ շարունակում են երկիրը տանել դեպի անդունդը: «Տարիներով մեր համաքաղաքացիները հույսեր էին փայփայում ընտրություններից ընտրություն: Մարդիկ մտածում էին՝ հիմա ինչ-որ բան կփոխվի: Ստացվեց այն, ինչ գիտենք: Այժմ մեզ համախմբվածություն եւ կամք է անհրաժեշտ մեր ուզածին հասնելու»,- ասել է նա:




























