ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Ադրբեջանի ներկայացուցիչների ելույթները տպավորություն չեն գործել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների վրա։
Նշենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ ապրիլի 26-ին ադրբեջանցի խորհրդարանականները ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Տորնբերն Յագլանդին Հայաստանի կողմից «ադրբեջանական հողերը բռնազավթելուն» առնչվող հարցեր են հասցեագրել։
ԵԽԽՎ նստաշրջանին ելույթ ունեցած Գանիրա Փաշաեւան հարցով դիմել է գլխավոր քարտուղարին՝ նշելով, որ «ավելի քան 15 տարիների ընթացքում շուրջ 1 մլն ադրբեջանցի փախստականներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, քանի որ Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը դեռեւս հայկական օկոպացիայի ներքո են գտնվում»:
Հարցին ի պատասխան, Յագլանդն ընդգծել է, որ «ղարաբաղյան հարցի լուծումը կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող քննարկումների արդյունքից»: Նա նաեւ ասել է, թե այս ձեւաչափով պետք է շարունակվեն կողմերի հանդիպումները, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վստահությունն ամրապնդելու համար: Նմանօրինակ պատասխանի է արժանացել նաեւ հակահայկական ելույթներով հանդես եկած ադրբեջանցի պատգամավոր Գյուլտեկին Գաջիբեյլին։




























