«168 ժամ» թերթը գրում է. «Մինչ աշխարհը շարունակում է քննարկել մարտի 27-ի ՄԱԿ-ի քվեարկությունը՝ Հայաստանի եւ Զիմբաբվեի աջակցությունը Ռուսաստանին, հայ քաղաքական միտքն էլ հաճույքից տեղը չի գտնում, որ Քիմ Քարդաշյանն ու ռուսական սերիալային մի քանի դերասաններ իրենց աջակցությունն են հայտնում քեսաբահայությանը, երեկ Հայաստանի ԱԺ-ն խորհրդարանական լսումներ էր կազմակերպել՝ կենսական, օրհասական մի խնդիր՝ «ֆեյքերի» դեմ պայքարի մասին օրինագիծը քննարկելու համար:
Ընդամենը օրեր առաջ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումից վերադարձած պատգամավորներն ու նրանց գործընկերներն այդ օրենքի հիմնավորման ժամանակ խույս չէին տալիս հղում կատարել եվրոպական այնպիսի երկրների փորձին, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան կամ Էստոնիան: Եթե մի կողմ թողնենք օրինագծի իրավական ձեւակերպումներն ու անսպասելի ձյան տակ սառած գարնանային արբունքի նմանվող պաթետիկ հիմնավորումները, ապա այդ օրինագծի նպատակը լրատվամիջոցների դեմ ճնշում գործադրելու հերթական մահակ ստեղծելն է:
Ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոտնահարման դարդով տապակվող մի խումբ հանրապետականներ կարծում են, որ լրատվամիջոցները պետք է պատասխանատվություն կրեն նաեւ իրենց հրապարակումների տակ սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումների համար: Հանճարեղ գաղափար է:
Ընդունում ես այս օրենքը, ու իշխանական մեծամասնության մի խումբ պատգամավորների ինտերնետից օգտվելու ձեւը սովորեցնելուց հետո (դա, իհարկե, ավելի անհաղթահարելի խոչընդոտ է, քան որեւէ օրենքի ընդունումը), հանձնարարում ես իրենց ամենօրյա լեքսիկոնով քոմենթներ գրել այն կայքերի հրապարակումների տակ, որոնք պետք է փակել կամ գոնե տուգանել: Որեւէ ֆեյք օգտատիրոջ անունից, բնականաբար:
Ավելի ժողովրդավարական մեթոդ հնարավոր չէ անգամ պատկերացնել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























