Ապրիլի 26-28-ը Աարաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի ունեցած Middle East Food ցուցահանդեսին մոտ երեք տասնյակ երկրների շարքում մասնակցել է նաև Հայաստանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Զարգացման հայկական գործակալության կազմակերպմամբ ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել են Glass World, Konser, Dilijan Frolova, Noyan, Eurocup և Euroterm ընկերությունները:

ԱՄԷ և Ծոցի տարածաշրջանի գործարար այցելուները քննարկել և գործնական առաջարկություններ են արել` կապված հայկական տաղավարի արտադրատեսակների հետ, հետաքրքրվել են նաև Հայաստանի այլ արտադրանքներով:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն ու այցելուները, նկատելով հայկական արտադրատեսակների բարձր որակն ու մրցունակությունը, ակնկալել ու կարևորել են հետագա ցուցահանդեսներում հայկական տաղավարի առավել ընդլայնված ներկայացումը: