ՀՀ կառավարությունը շքեղության հարկ սահմանելու հարցում պատրաստ է համագործակցել Վիկտոր Դալլաքյանի եւ այլ պատգամավորների հետ։ Այս մասին ԱԺ պատվանդանից հայտարարել է ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ պատասխանելով շքեղության հարկ սահմանելու մասին նախագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանին։
Տիգրան Դավթյանն ընդգծել է, որ կառավարությունը ընդհանուր առմամբ կիսում է օրինագծի տրամաբանությունը, սակայն համաձայն չէ տեխնիկական մի քանի հարցերի հետ։ Դավթյանը, սակայն, նշել է, որ կառավարությունը պատրաստ է փաստաթղթի կատարելագործման ուղղությամբ համագործակցել Դալլաքյանի հետ։
Դալլաքյանն իր հերթին նշել է, որ բարձր է գնահատում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքական քաջություւնը, ով համաձակվել է նման հարկատեսակ սահմանել։ «Կարծում եմ, նման հարկը Հայաստանում խիստ անհրաժեշտ է, քանի որ համատարած աղքատության ֆոնին հարուստների կյանքը նույնն է, ինչ „խնջույքը ժանտախտի ժամին“։ Ժողովրդից գողացված փողերով շատ հարուստներ իրենց համար Պենտագոնի եւ եգիպտական բուրգերի մեծությամբ առանձնատներ են կառուցել, իսկ նրանց արտասահմանյան մեքենաների հավաքածուները կարող են բավարել չինական բանկի պահանջները»,- հայտարարել է պատգամավորը։
Նշենք, որ այս հարկատեսակը կիրառվելու է տարեկան 500 մլն դրամի եկամուտ ունեցող անձանց նկատմամբ։ Կառավարությունը, սակայն, հավանության չի արժանացրել փաստաթուղթը՝ գտնելով, որ այն շտկումների կարիք ունի։




























