«Թեպետ չեմ կարող ասել, որ ԵՄ-ում եղած օրերին ղարաբաղյան հարցն ամենակարեւորն է եղել իմ եւ եվրոպացի պաշտոնյաների քննարկումներում, այդ հարցին, այնուամենայինիվ, անդրադարձ կատարվել է»,- նման հայտարարությամբ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկավ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը։ Նրա խոսքով, եվրոպական կառույցներում ունեցած հանդիպումների ժամանակ ղարաբաղյան հակամարտության թեման իր համար առաջնային չի եղել, քանի որ ինքը ԵՄ-ում էր նախեւառաջ Հայաստանում ժողովրդավարության ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար. «Ես շեշտադրումներ էի անում հիմնականում քաղբանտարկյալների եւ մամուլի ազատության հարցերի վրա»,- հստակեցրեց Կարապետյանը։
Անդրադառնալով վերջերս շրջանառվող լուրերին, ըստ որոնց ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն պատրաստակամություն է հայտնել գլխավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ստեղծվելիք ԵԽ ենթահանձնաժողովը, Վ. Կարապետյանը նկատեց, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ն ներկայացնող Դավիթ Հարությունյանը որեւէ բան չի արել, որպեսզի կանխի թուրք պատգամավորի ԵԽԽՎ նախագահ ընտրվելու գործընթացը: «Բացի նրանից, որ նա չի կանխել դա, կարելի է ասել, նպաստել է դրան: Ավելին. կան որոշակի պայմանավորվածություններ, եւ հայկական պատվիրակության լռակյաց դիրքորշման հետեւանքով է, որ թուրք պատգամավորն ընտրվել է նման բարձր պաշտոնում»,- համոզմունք հայտնեց ՀԱԿ գործիչը՝ ավելացնելով, որ ղարաբաղյան հարցի քննարկումները ԵԽԽՎ-ում Հայաստանի շահերից չի բխում։
Նրա կարծիքով, հաշվի առնելով ԵԽԽՎ-ում թուրքական պատկառելի պատվիրակության առկայությունը, ինչպես նաեւ ադրբեջանական պատվիրակության՝ հայկականից ավելի մեծաթիվ լինելու հանգամանքը, դժվար չէ պատկերացնել ուժերի հավասարակշռությունը. «Կարելի է պատկերացնել՝ ուժերի ինչպիսի բալանս կլինի։ Հաշվի առնելով մեր պատվիրակության պրոֆեսիոնալ պատրաստվածությունը եւ լեզվական խնդիրները՝ մեծ մտահոգություններ ունեմ, որ այդ ենթահանձնաժողովը մի քանի ամիսների ընթացքում կնախապատրաստի մի զեկույց, որտեղ կլինեն մոտավորապես նույն շեշտադրումները, որոնք կային 2008 թվ. մարտի 13-ին ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեաի կողմից ընդունած հայտնի փաստաթղթում»,- ավարտեց նա։




























