Հնդկաստանի Մումբաի քաղաքում երեք տղամարդու մեղավոր են ճանաչել խմբային բռնաբարության 2 առանձին դեպքերի մեջ։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, կրկնակի սեռական հանցագործություններ իրականացրած անձանց դեմ պայքարին ուղղված նոր օրենքի համաձայն, նրանց մահվան են դատապարտել։
Հիշյալ օրենքն առաջին անգամ է կիրառություն գտնում. այն ուժի մեջ է մտել անցած տարի, 2012թ. դեկտեմբեր ամսին Դելիում երիտասարդ ուսանողուհու խմբային բռնաբարման դեպքից հետո։ 23-ամյա ուսանողուհին դաժանորեն ծեծվել էր եւ բռնաբարման ենթարկվել ավտոբուսում, ապա երկու շաբաթ անց մահացել։
Նկարագրված միջադեպը Հնդկաստանում զանգվածային բողոքի ալիք էր բարձրացրել՝ սեռական բռնության համար նախատեսվող պատիժը խստացնելու պահանջով։




























