Վերջերս ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր գալիք ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի պետպատվերով տեղերի կիսով չափ կրճատման մասին: Այնուհետև մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Պաշտպանության նախարարությունը պարտաստվում է առաջարկ ներկայացնել կառավարությանը , ըստ որի զորակոչի տարիքը 27-ից պիտի բարձրացվի 32-35-ի:
Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել Սոցիոլ դեկոմրատական Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը, որտեղ ասվում է.
«Այս քայլերով գործող ապօրինի իշխանությունները լուրջ հարված են հասցնում գիտության զարգացմանը` զրկելով այն երիտասարդ կադրերից: Ակնհայտ է, որ սրանով նրանք լուծում են իրենց համար շատ կարևոր մի խնդիր: Զինակոչի տարիքի բարձրացումը բերելու է հսկայական արտագաղթի: Երիտասարդության մի զգալի հատված, որը ցանկանում է շարունակել իր ուսումը, գիտական գործունեությունը լքելու է երկիրը և մեծ հավանականությամբ` 10-15 տարի արտերկրում անցկացնելուց հետո, այլևս չի վերադառնալու:
Սա շատ „արդյունավետ“ միջոց է ավելորդ գլխացավանքից ազատվելու համար, քանի որ բոլորին է հայտնի , որ երիտասարդությունը միշտ եղել է և կմնա ամենաըմբոստ, այս իշխանությունների ապօրինությունները չհանդուրժող և երկրում տիրող ցանկացած անարդարության դեմ անկոտռուն պայքար մղող խավը:
ՍԴՀԿ „Սարգիս Տխրունի“ ուսանողական երիտասարդական միությունը կոչ է անում ամբողջ երիտասարդությանը համախմբվել այս խնդրի շուրջ : Եթե մենք լռենք և չպայքարենք այս ապօրինության դեմ, եթե հանգիստ նայենք, թե ինչպես են մեզանից խլում մեր ապագան, ապա մենք այս իշխանություններից ոչ պակաս պատասխանատու կլինենք ընդունված որոշման համար»:




























