Այսօր` ապրիլի 29-ին Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ պետական համակարգում առկա է օպտիմալացման խնդիր, և պետք է կատարվի աշխատակիցների կրճատում:

«Մենք Համաշխարհային Բանկի հետ ձեռք ենք բերել քաղաքական պայմանավորվածություն առ այն, որ բոլոր ԾԻԳ-երը ինտեգրվելու են նախարարությունների կազմում: Գաղտնիք չէ, որ ԾԻԳ-երում աշխատավարձերն ավելի բարձր են, քան նախարարություններում եւ մենք պետք է գործընթացն այնպես կազմակերպենք, որպեսզի լավագույն մասնագետներին կարողանանք բարձր վարձատրել»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ նախարարություններում սպասվում է ֆունկցիաների կրճատումներ, որոնք կավարտվեն այս տարվա ընթացքում: Ըստ Տ. Սարգսյանի, կրճատումներից գոյացած միջոցները կմնան նախարարությունների տնօրինման տակ և կուղղվեն աշխատակիցների պարգեւատրման ֆոնդին: Տիգրան Սարգսյանը նախարարներին հանձնարարել է չորս ամսվա ընթացքում ներկայացնել ծրագիր, իրենց գերատեսչություններում կրճատումների մասին:

«Այս աշխատանքների ընթացքում պարզ է դառնում, որ մենք ունենք օպտիմիզացիայի խնդիր եւ կարող ենք շատ ֆունկցիաներից ազատվել, բնականաբար, կրճատել նաեւ աշխատատեղեր»,- ընդգծել է նա: