Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում ապրիլի 4-ի առավոտյան տանիքում կախված վիճակում հայտնաբերված տղամարդը Արամայիս Խ-ն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը:

Նա նշեց, որ համագյուղացու ինքնասպանություն գործելու լուրից բոլորը շոկի մեջ են: «Ամուսնացած է, երեխաներ, թոռներ ունի, նորմալ ընտանիք՝ խելոք, ոչ մեկ երբեք մի վատ բան չի տեսել այդ ընտանիքից, ինքն էլ տրակտոր ուներ, գյուղատնտեսությամբ էր զբաղվում»,-ասաց գյուղապետը:

Իսկ թե որն է ինքնասպանության հավանական պատճառը, Կորյուն Մարգարյանն ասաց, որ նա առողջական խնդիրներ ուներ, մասնավորապես՝ վերջին շրջանում նրա մոտ թեթեւակի հոգեկան շեղումներ էին ի հայտ եկել: «Նրա որդին մի քանի տարի առաջ վթարի էր ենթարկվել, ասել էին, թե մահացել է, բայց չէր մահացել,

դրա հետ կապված սթրես է տարել»,- նշեց գյուղապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզում ինքնասպանության դեպք է գրանցվել: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 4-ի առավոտյան, Լճաշեն գյուղում: Նույն գյուղի 57-ամյա բնակչին վաղ առավոտյան հայտնաբերել են տանիքում` կախված վիճակում: Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: