Կամերունի հյուսիսում զինված մարդկանց խումբն առեւանգել է երկու հոգեւորականների Իտալիայի Վիչենցա քաղաքից եւ մեկ կանադացի միանձնուհու, հաղորդում է Իտալիայի ԱԳՆ-ն:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 5-ի գիշերը: Դեռեւս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել առեւանգման պատասխանատվությունը:
Նշենք, որ 2013-ի նոյեմբերին «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինները Կամերունի եւ Նիգերիայի սահմանից ոչ հեռու առեւանգել էին ֆրանսիացի հոգեւորականի: 2013-ի վերջին հոգեւորականն ազատ էր արձակվել:
«Բոկո Հարամ» խմբավորումը գործում է Նիգերիայի հյուսիսում, որտեղ հիմնական բնակչությունը մահմեդականներ են: Խմբավորումը ձգտում է հասնել ողջ երկրի տարածքում շարիաթի կիրառմանը եւ եվրոպական աշխարհիկ մոդելի վերացմանը:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին Նիգերիայի հյուսիսային նահանգներում «Բոկո Հարամի» գրոհայինների գործողությունների զոհ է գնացել մոտ 1500 մարդ:




























