Երեւանի քաղաքի բնակիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան նորածնային բաժանմունքի բուժքույր Անահիտ Գ.-ն մեղադրվում է մասնագիտական պարտականությունները թերանալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերի 3-ին: Անահիտը բժշկական կենտրոն ընդունված Տաթեւիկ Ս.-ի նկատմամբ ոչ պատշաճ կերպով է կատարել իր մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսեւորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով անզգուշությամբ վերջինիս առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:

Անահիտ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում: