Այսօր` ապրիլի 29-ին ժամը 9-ից ժամը 11.30-ի սահմաններում Երեւանում արձանագրվել ճանապարհատրանսպորտային 4 պատահար, որոնք տեղի են ունեցել Իսակովի պողոտայում, «Բելաջիո» ռեստորանի մոտ, Քանաքեռում` Սարկավագի փողոցում եւ Բաղրամյան փողոցում: Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի պատճառով մի քանի ժամ փակվել է Նորքի Զանգվածը Երեւանի կենտրոնին միացնող ճանապարհը: Բարեբախտաբար, վթարների արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան:
Բացի այդ, ասօր առավոտյան ժամը 10.50-ից Երեւանի կենտրոնում` Նալբանդյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում երթեւեկությունը կաթվածահար էր եղել: Բանն այն է, որ Նալբանդյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում` ԱԱԾ շենքից ոչ շատ հեռու BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի գովազդային վահանակի սյանը: Արդյունքում` մեկ ժամից ավելի նշված հատվածում խցանում էր:
Վթարի վայրում աշխատել են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Մինչ վթարի վայր կհասնեին Ճանահարհային ոստիկանության աշխատակիցները, ավտոմեքենայի վրայից հանվել էին համարանիշները:
Ի դեպ, կանաչ մարզազգեստով մի երիտասարդ փորձել է թույլ չտալ լուսանկարիչ Գագիկ Շամշյանին նկարահանումներ անել, սակայն նրան սաստել ճանապարհային ոստիկանները: Ավելի ուշ պարզվել է, որ կանաչ մարզազգեստովը Սամվել Բաբայանի որդին է` Անդրեյը:




























