Հայաստանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի դեմ չի քվեարկել, այլ այն ձեւակերպման դեմ, որը հակասում է իր շահերին: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը Կիեւում «Անվտանգություն ընդհատման եզրին» թեմայով յոթերորդ ֆորումի ընթացքում երկխոսությունների ժամանակ, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:

«Հայաստանը սեփական շահերն ունեցող պետություն է, եւ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում քվեարկել է ոչ թե Ուկրաինայի դեմ, այլ այն ձեւակերպման դեմ, որը հակասում է մեր ազգային շահերին»,- ասել է Պողոսյանը:

Նրա խոսքով՝ 1991թ.-ից ի վեր, երբ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Հայաստանը միշտ քվեարկել է ազգերի ինքնորոշման իրավունքի կողմից եւ չի քվեարկել որեւէ փաստաթղթի կողմից, որը տարածքային ամբողջականությունը վեր է դասում ազգային ինքնորոշման իրավունքից:

«Ունենալով մեր շահերը՝ մենք հենց դրա օգտին ենք քվեարկել, այլ ոչ թե Ուկրաինայի դեմ»,- հավելել է նա:

Ընդ որում Պողոսյանը հիշեցրել է, որ 2008 եւ 2012 թվականներին Ուկրաինան ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում Հայաստանի դեմ է քվեարկել. «Եւ Հայաստանը, հասկանալով ձեր շահերը, երբեք մեծ աղմուկ այդ կապակցությամբ չի բարձրացրել»: