Հայաստանի հանրապետական կուսակցությունում այս պահին մարդաշատ է, կուսակցության ղեկավարությունը հավաքվել է գրասենյակում, ուր ժամանել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Ժամը 14-ին մեկնարկելու է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, իսկ ժամը 15-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստը, որոնց ընթացքում էլ հայտնի կդառնա Հայաստանի 13-րդ վարչապետի անունը: Նիստից առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, թե նոր վարչապետը լինելու է ժողովրդի սրտով: Նա, սակայն, չի հայտնել, թե ով է լինելու նոր վարչապետը՝ լրագրողներին խորհուրդ տալով սպասել երկու ժամ:

Հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 10-ին հայտարարել էր, թե վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի՝ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերից հետո, սակայն նիստերի օրը տեղափոխվել եւ ավելի վաղ է նշանակվել:

Ապրիլի 3-ին հրաժարական էր տվել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ Սահմանադրության, 10-օրյա ժամկետում պետք է հայտարարվի նոր վարչապետի անունը, իսկ վերջնաժամկետը ապրիլի 13-ն էր:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am