Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկեն բացասաբար է վերաբերվում Ուկրաինան միատարրից դաշնային պետության վերակազմավորելու գաղափարին: «Украинская правда»-ի փոխանցմամբ, այս մասին Լուկաշենկոն հայտարարել է НТВ հեռուստաալիքի եթերում: «Կտրականապես դեմ եմ»,- հայտարարել է Լուկաշենկոն: 

Նրա կարծիքով, «Ուկրաինային հիմա դաշնային պետության մղելը վտանգավոր է: Վտանգավոր է բոլորի համար. ե՛ւ Բելառուսի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի»:«Եթե ցանկանում եք Ուկրաինան պահպանել որպես միասնական պետություն, իսկ ես ցանկանում եմ, որ Ուկրաինան լինի ամբողջական եւ միասնական պետություն, ապա պետք չէ այն դաշնայինի վերածել»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը:Լուկաշենկոյի խոսքով, այդ կնշանակի Ուկրաինայի կործանում: Իհարկե, նրա տարածքում կարող են հայտնվել նաեւ ՆԱՏՕ-ի զորամիավորումներ:

Ըստ ИТАР-ТАСС-ի, նա լեգիտիմ է համարում որպես նախագահի պաշտոնակատար Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի նշանակումը: «Ես կարծում եմ, որ նրանց մոտ նախագահ չկա… բայց, Սահմանադրության համաձայն, նախագահին պետք է փոխարինի Տուրչինովը: Այնպես որ նա ինձ համար բացարձակ լեգիտիմ է եւ Գերագույն Ռադան էլ բացարձակ լեգիտիմ է»,- հայտարարել է Լուկաշենկոն: