Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դիվանագիտական աշխատանքի կանցնի: Այդ մասին այսօր՝ ապրիլի 13-ին ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո հայտնել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, նիստում կուսակցությունը շնորհակալություն հայտնեց Տիգրան Սարգսյանին: Նա կշարունակի իր աշխատանքը դիվանագիտական ծառայության մեջ: «Պարոն Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի»,- նշեց Շարմազանովը, սակայն չի հայտնել, թե ինչ պաշտոն է ստանալու:

Խոսելով Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակման մասին՝ Շարմազանովը նշել է, թե դրա մեջ դեր է ունեցել միայն ու միայն ՀՀԿ-ն եւ նրա նախագահ Սերժ Սարգսյանը: Այլ թեկնածուի անուն հրապարակային չի քննարկվել, որոշումը կայացվել է քննարկումների ընթացքում: Քննարկում է եղել ոչ միայն հանրապետականների հետ, այլեւ հանրության տարբեր ներկայացուցիչների, կուսակցությունների առաջնորդների հետ:

Նշենք, որ այսօր ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի անունը: Վերջինս 20 օր ժամանակ ունի նոր կառավարության կազմը ներկայացնելու համար: