Հովիկ Աբրահամյանը բարձր պատասխանատվությամբ ստանձնեց ՀՀԿ-ի եւ երկրի նախագահի վստահությունը։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանի համար վարչապետի պաշտոնում նշանակվելը պաշտոնի իջեցում է՝ երկրի երկրորդ պաշտոնյայից դառնալով երրրորդ։
Հարցին, թե ուրախ է արդյոք Աբրահամյանը, Շարմազանովն արձագանքեց. «Ուրախությունը քաղաքական կատեգորիա չէ։ Հովիկ Աբրահամյանը բավականին հրապարակային գործիչ է եւ հնարավորություն կունենաք դեռ նրա ուրախությունն ու արդյունավետ գործունեությունը լուսաբանելու»։
Հարցին, թե ինչպես է ԲՀԿ-ն մտնելու կոալիցիոն կառավարության կազմ, եթե ի սկզբանե նշվում է, որ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով չեն ընտրվելու նոր կադրերը, Շարմազանովն ասաց. «Ես խոսում եմ քաղաքական կատեգորիաների մասին։ Դուք ընդունում ե՞ք, որ ԲՀԿ եւ ՀՅԴ-ն քաղաքական կուսակցություններ են։ Դե անկախ ամեն ինչից, Կեսարն էլ Պոմպեոսի խնամին էր, հետո ինչ՞»։
Նշենք, որ այսօր ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Վերջինս 20 օր ժամանակ ունի նոր կառավարության կազմը ներկայացնելու համար:




























