ԲՀԿ չի քննարկում կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը, դա մեր օրակարգում չկա: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Նախօրեին տեղի է  ունեցել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, եւ, բացելով փակագծերը կարող եմ ասել,  որ ինչպես նախորդ քաղաքական կոնսուլտացիաների ֆորմատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, այնպես էլ այս հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանի կողմից դրվել են նույն խնդիրները եւ տեսակետների որեւէ փոփոխություն չի եղել: Այն է՝ ԲՀԿ-ն չի քննարկում կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը, դա մեր օրակարգում չկա: ԲՀԿ-ն եւս մեկ  անգամ շեշտել է, որ այս փուլում դեմ է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, եւ որ ներկայումս առաջին հերթին անհրաժեշտ են տնտեսական բարեփոխումներ: Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, Հայաստանում առկա  է տնտեսական ճգնաժամ:

Եվ վերջապես՝ Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ վեր է հանել բոլոր  այն խնդիրները, որոնք  այսօր հուզում են հանրության ամենալայն շրջանակներին եւ առաջնահերթ  լուծում են պահանջում, դրանք  են՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման, կարմիր գծերի, արագաչափերի գործածմանը վերաբերող խնդիրները, տուգանքների դրույքաչափերի նվազման, բնակչության մոտ զանգվածային բնույթ կրող բանկային տոկոսների բեռի խնդիրը, պարզ ասած՝ այն ամենը, ինչն այսօր բերել է սոցիալական մեծ լարվածության»,- ասված է ԲՀԿ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

Նշենք, որ այսօր ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Վերջինս 20 օր ժամանակ ունի նոր կառավարության կազմը ներկայացնելու համար: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստերից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է, թե ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու առաջարկով դիմել է ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին եւ այժմ սպասում է նրանց պատասխանին: