Հայաստանի կառավարությունը կձեւավորվի առաջիկա 20 օրվա ընթացքում, հետեւաբար, այն ժամանակ էլ հայտնի կդառնան կառավարությունում կատարված կադրային փոփոխությունները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պետաիրավական հարցերով մշտական խորհրդարական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով արդարադատության պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին հարցին:
Նրա խոսքով՝ քանի որ հարցը ՀՀԿ կադրերի մասին է, ապա յուրաքանչյուրի աշխատանքը գնահատվելու եւ որոշումները կայացվելու են՝ ելնելով առաջնահերթություններից: «Ի վերջո, սա քաղաքական գործընթաց է եւ քաղաքական պատասխանատվություն»,- նշել է նա:
Հարությունյանը դժավարացել է կանխատեսել կձեւավորվի նոր կոալիցիա, թե ոչ՝ նշելով, որ քաղաքական խորհրդակցություններին մասնակցող կուսակցություններին առաջարկություններ են արվել, եւ վերջին խոսքն արդեն նրանց է պատկանում:
Ինչ վերաբերում է նախարարների ընտրության հարցում լիակատար ազատությանն ու լիազորություններին, ապա Հարությունյանի խոսքով՝ նա չի համարում, թե նախորդ վարչապետը չուներ այդ հնարավորությունները: «Յուրաքանչյուր վարչապետ ունի նման լիազորություններ, սակայն հավելյալ պնդումն այն մասին, որ ազատություն է շնորհվել, նշանակում է, որ ավելացել է պատասխանատվությունը: Իրավունքն հավասարազոր է պատասխանատվությանը, եւ եթե ձեզ իրավունք են շնորհում, ապա նաեւ մեծ պատասխանտվություն են դնում»,- եզրափակել է Հարությունյանը:
Նշենք, որ ապրիլի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջարկել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Կառավարությունը կձեւավորվի 20 օրվա ընթացքում վարչապետի նշանակումից հետո: Նախարարներին նշանակում է նախագահը վարչապետի առաջարկով:




























