«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը («Բելաջոյի Գրիշ») շատ ուրախ է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի 13-րդ վարչապետն է դառնալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգորի Մարգարյանը: Իսկ թե ով կլինի Աժ նախագահը, այդ հարցը նրան չի մտահոգում, «ապրիլի 28-ին նիստ կլինի, կառաջադրեն, կքննարկենք եւ կասենք»:

Պատգամավորը չցանկացավ հայտնել իր կարծիքը՝ արդյոք ԲՀԿ-ին տեսնում է կոալիցիայի կազմում, թե ոչ: «Դիմեք կուսակցության ղեկավարին եւ քարտուղարին, իրենք կորոշեն՝ կուզեն լինել կառավարության կազմում, թե ոչ, ես կուսակցական չեմ, խմբակցության պատգամավոր եմ եւ որեւէ բան չի քննարկվել»,- ասաց Գրիգորի Մարգարյանը:

Նշենք, որ այսօր ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Վերջինս 20 օր ժամանակ ունի նոր կառավարության կազմը ներկայացնելու համար: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստերից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է, թե ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու առաջարկով դիմել է ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին եւ այժմ սպասում է նրանց պատասխանին: