Հանրապետական խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը նորմալ է գնահատում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուրադ Մուրադյանը:

«Հանրապետության նախագահի կողմից է առաջադրվել, ինչի՞ մասին է խոսքը, նորմալ եմ համարում»,- ասաց նա: Հարցին, թե  ուրախ եք, որ Տիգրան Սարգսյանն այլեւս վարչապետ չէ, քանի որ դուք նրանից դժգոհություններ ունեիք եւ ինչ սպասելիքներ ունեք Հովիկ Աբրահամյանից, նախկին նախարարը պատասխանեց, որ նախկին վարչապետի վերաբերյալ իր կարծիքը հայտնել է ԱԺ ամբիոնից: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, թե անհարմար վայրում է գտնվում:

Նշենք, որ այսօր ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Վերջինս 20 օր ժամանակ ունի նոր կառավարության կազմը ներկայացնելու համար: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստերից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է, թե ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու առաջարկով դիմել է ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին եւ այժմ սպասում է նրանց պատասխանին: