Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը ուրախ է, որ Հայաստանի 13-րդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է: «Խի՞ պիտի տխրեի, կարգին մարդ ա, արժանի ա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Հարցին, թե հաշվի առնելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խնամիական կապերը, հնարավոր է ԲՀԿ-ն մտնի կոալիցիա, պատգամավորը պատասխանեց հետեւյալը. «Էդքանը չեմ կարա իմանամ, զանգեք ԲՀԿ-ին հարցրեք»:
Ի դեպ, նա եւս չգիտեր, թե ինչու է հրաժարական ներկայացրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, «չեմ իմանում, չեմ հարցրել»: Իսկ թե ում կցանկանար տեսներ ԱԺ նախագահի պաշտոնում, ապա գեներալ պատգամավորի համար տարբերություն չկա: «Այ մարդ ով էլ լինի, լավ ա, լուրջ, լավ մարդ լինի, ժողովրդի համար լավ գործ անի, պետությունը կայուն լինի, զարգանա, ի՞նչ է եղել որ: Իմ համար բոլորն էլ լավ են, մեր երկրի նախագահը ում էլ որոշի, լավ ա»,- նշեց նա: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությանը ԱԺնախագահի պաշտոնում, Սեդրակ Սարոյանը նկատեց՝ «լավ տղա ա, լավ մարդ ա, արժանի մարդ ա»:
Նշենք, որ ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Վերջինս 20 օր ժամանակ ունի նոր կառավարության կազմը ներկայացնելու համար: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստերից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է, թե ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու առաջարկով դիմել է ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին եւ այժմ սպասում է նրանց պատասխանին:




























