Կարեւոր չէ, թե ով է նշանակվել վարչապետի պաշտոնում, անձը կարեւոր չէ, կարեւորը երկրում համակարգային բարեփոխումների իրականացնումն է, որոնք կհանգեցնեն խնդիրների լուծմանը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ մեկնաբանելով վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը:
Ըստ նրա՝ վերջին վեց-յոթ տարիների ընթացքում՝ վարչապետ Սարգսյանի օրոք, երկրում առաջընթաց չի գրանցվել, եւ բնական է, որ նախագահը պետք է զոհաբերեր նրան. «Չարժի կանխավ գնահատել Հայաստանի նոր վարչապետին, պետք է սպասել, մինչեւ նա ծրագիր կներկայացնի ու կսկսի իրականացնել այն»:
Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա Արզումայնանն ընդգծել է, որ Աբրահամյանն, ընդհանուր առմամբ, կոմպրոմիսների մարդ է եւ, հնարավոր է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը ելք գտնի: Միաժամանակ ընդդիմադիրն ընդգծել է, որ կան ուղղություններ, որոնցից նոր վարչապետը չի կարողանա խուսափել: Դրանցից մեկը Մաքսային միությանն անդամակցելն է:



























