Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Ճոյտը») Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանին: NEWS.am-ի թղթակցի հետ այսպիսի ցանկություն հայտնեց նախկին պատգամավորը:

«Եթե ես ընտրողը լինեի, ապա կցանկանայի, որ Կարեն Կարապետյանը լինի ԱԺ նախագահ: Նրա հետ ութ տարի աշխատել եմ: Կարեն Կարապետյանի գիտելիքներն ու փորձը բավարար են, որ նա ԱԺ լավ նախագահ լինի: Կարծում եմ, որ եթե իշխող կուսակցությունը ցանկանա, ապա նա հաստատ կընտրվի: Բացի դրանից կարեւոր է նաեւ, որ հենց Կարեն Կարապետյանը ցանկանա: Չգիտեմ` ինքը կուզենա, թե ոչ»,- ասաց նա:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Վերջինս 20 օր ժամանակ ունի նոր կառավարության կազմը ներկայացնելու համար: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Առաջիկա քառյակի նիստին հայտնի կլինի, թե ով կլինի ԱԺ հաջորդ նախագահը: