Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունում խնամիներ չեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա՝ երկու կողմերն էլ դա լավ են հասկանում ու եթե անցյալում Աբրահամյանը քաղաքական քայլեր էր անում, որոնք կարող էին ԲՀԿ-ին դուրս չգալ, ոչ ոք նրան չէր հիշեցնում բարեկամական կապերի մասին: Մինասյանի խոսքով՝ ԲՀԿ-ն կարող է տարբեր տարբերակներից մեկն ընտրել՝ լինել կառուցողական ընդդիմություն, այլընտրանքային ուժ, թե իշխանության հետ համագործակցող կուսակցություն:

Ինչ վերաբերում է ՀՅ Դաշնակցությանը, ապա այստեղ իրավիճակը մի փոքր այլ է՝ դժվար է պատկերացնել, որ ՀՅԴ-ն կհամաձայնի սերտորեն համագործակցել իշխանության հետ: «Նրանք մեկ անգամ չէ, որ ասել են, թե կգնան դրան, եթե մենք ընդունենք նրանց քաղաքական առաջարկությունների յոթ կետերը: Որոշների հետ մենք կտրականապես համաձան չենք, որոշները, հակառակը, ողջունում ենք ու պատրաստ ենք իրագործել: Այդ պատճառով ես այստեղ տեսնում եմ մասնակի համագործակցություն կամ կառուցողական ընդդիմության տարբերակը»,-հավելել է Մինասյանը: