Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ցանկանում է մնալ քաղաքականության մեջ: Այդ մասին Արմեն Աշոտյանն ասել է լրագրողների հետ զրույցում կառավարությունում նոր վարչապետի ներկայացումից հետո։

«Ես ցանկանում եմ մնալ քաղաքականության մեջ եւ ամեն ինչ անում եմ, որ ՀՀԿ-ն իր ծանրակշիռ նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում չնվազի»,- նշել է նա՝ ոչ կոռեկտ համարելով հարցը, թե ինչ-որ մեկին տեսնում է կրթության նախարարի պաշտոնում։

Հարցին, թե իրենից բացի ուրիշ նախարար չի կարող լինել, Աշոտյանն ասաց. «Եթե գաք կրթության նախարարություն՝ կտեսնեք, որ վերջին  25 տարին պաշտոնավարած բոլոր նախարարների նկարները փակցված են։ Անփոխարինելի մարդիկ չկան»։

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 14-ին կառավարությանն է ներկայացրել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Կարճատեւ ներկայացումից հետո նախարարները լքել են տարածքը: Ամենավերջինը դուրս են եկել ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ու արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը: