Հայաստանի նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է կառավարություն տանել նաեւ ՀՀԿ-ի անդամ չհանդիսացող մարդկանց: Այս մասին ապրիլի 14-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա՝ Աբրահամյանի համար կարեւորը  ոչ այնքան քաղաքական հայացքներն են, որքան իր թիմի պրոֆեսիոնալիզմն ու հայրենասիրությունը:

Ըստ Մինասյանի`Տիգրան Սարգսյանը հրաշալի գիտի երկրի բանկային համակարգը, իսկ Հովիկ Աբրահամյանը` տնտեսության իրական վիճակը:  «երկար տարիներ Տեղական ինքնակառավարման մարմիններում, իսկ հետո նաեւ տարածքային կառավարման նախարար աշխատելու տարիներին Աբրահամյանը իրեն դրսեւորել է որպես երկրի ընդհանուր եւ տեղային խնդիրների հիանալի գիտակ»: Պատգամավորը վստահ է, որ նոր վարչապետը անխնա պայքար կմղի կոռուպցիայի դեմ եւ հանուն թափանցիկ բիզնեսի:

Ըստ Մկրտիչ Մինասյանի` կոռեկտ չէ կարծիք հայտնել, թե գործող նախարարներից ով կհայտնվի նոր կառավարությունում: «Նույնիսկ եթե իմանայի, գեղեցիկ չէր լինի անուններ նշելը: Սակայն ես չգիտեմ էլ, իսկ առաջ ընկնել չեմ ցանկանում»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am