Դոնբասում շարունակվում Ուկրաինայի դեմ ուղղված ռուսական անթաքույց ագրեսիան: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
«Ռուսաստանն արդեն հրապարակավ սատարում է նրանց, ում ֆինանսավորում է, որոնց, փաստացի, տեղափոխում է մեր երկիր: Ռուսաստանը շարունակում է սատարել ահաբեկչական գործողություններին, քաղաքացիների ու իրավապահների սպանություններին»,-ընդգծել է նա, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Նա նաեւ ընդգծել է, որ 12:00 այդ հարցի շուրջ հեռախոսազրույց է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:
Դրա հետ մեկտեղ Տուրչինովը կոչ է արել իրավիճակը կարգավորել Ուկրաինայի միավորման ճանապարհով: «Մենք փնտրում ենք այն կոնսենսուսը, որը կմիավորի ամբողջ ազգը»,-հայտարարել է Տուրչինովը:
Նախագահի պաշտոնակատարը կոչ է արել երեք ամիսների ընթացքում մշակել համապատասխան օրենսդիր փոփոխություններ: Իր հերթին «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Սերգեյ Սոբոլեւը հավելել է, որ Ռուսաստանը փաստացի պատերազմ է հայտարարել Ուկրաինային:



























