Ռուսաստանը հայտնվել է ընտրության առաջ. Կամ զորքերը հեռացնել Ուկրաինայի սահմանից, հետեւել միջազգային պայմանագրերին, վերադարձնել վստահությունը, կամ էլ նրա միջազգային մեկուսացումը կխորանա: Աշխարհն ավելի վտանգավոր ու անկանխատեսելի կդառնա: Այս մասին գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը La Repubblica թերթի հոդվածում, հայտնում է «Ինոպրեսսան»:
«Որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար` իմ առաջին ելույթն էր «ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը»: Դա նոր սկիզբ էր, - գրում է Ռասմուսենը: -Ես ցանկանում էր իսկական ռազմավարական գործընկերություն զարգացնել Ռուսաստանի հետ, ընդյալնել համագործակցությունն այն բնագավառներում, որտեղ մեզ միավորում էին ռազմավարական հետաքրքրությունները, պնդելով, որպեսզի նա կատարի իր միջազգային պարտավորությունները` ներառյալ հարեւանների տարածքային ամբողջականությունը եւ ազատությունը: Տարեցտարի մենք միասին հասնում էինք զգալի հաջողությունների` ահաբեկչության, ծովահենության դեմ պայքարի եւ Աֆղանստանում անվտանգության հարցում: Սակայն Ղրիմի բռնակցումը խափանեց համագործակցության հիմքերը: Այսօր Ռուսաստանը խոսում եւ իրեն պահում է հակառակորդի նման», - ափսոսում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր ռուս զինվորներ կենտրոնացված են Ուկրաինայի սահմանին, Ռուսաստանը դիմում է քարոզչությանը, մեղադրում ՆԱՏՕ-ին`1990թ. Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հաշվին չընդլայնվելու խոստումը խախտելու մեջ: Ռուս առաջնորդները մշտապես պնդում են, որ այդպիսի խոստում գաղտնի տվել են իբր Գերմանիայի նախկին կանցլեր Կոլը, Գերմանիայի արտգործնախարար Գենշերը եւ ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Բեյքերը: Սակայն 1990թ. քննարկվել էր միայն Գերմանիայի միավորումը, - գրում է Ռասմուսենը, - ընդլայնման հարցն օրակարգում չի եղել: ՆԱՏՕ-ի ի հայտ գալու պահից ի վեր` այն իր շարքերն է ընդունել միայն ինքնիշխան պետություններ, որոնք ինքնուրույն են կատարել դաշինքին անդամակցելու ընտրությունը: Դա է ժողովրդավարության ոգին»:



























