ՌԴ-ն չի խառնվում Ուկրաինայի ներքին գործերին, իսկ նախատեսված քառակողմ հանդիպմանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արեւելքի դեպքերին իբրեւ թե մասնակցության մասին «կեղծ փաստեր» ներկայացնելու հայտարարությունները կարող են վկայել հանդիպմանը սկանդալ կազմակերպելու մտադրության մասին, կարծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք միջամտում Ուկրաինայի ներքին գործերին: Դա հակասում է մեր շահերին: Այնտեղ մենք մեր գործակալները չունենք: Մեզ մեղադրում են, որ այդպես չէ»,- ասել է Լավրովը, հավելելով, որ այդ մասին իրեն մի քանի անգամ ասել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշիցան:  «Ես շաբաթ օրը Դեշիցային ասացի. Եթե դուք որեւէ մեկին ձերբակալել եք, ներկայացրեք: Նրանք չգիտես ինչու դա չեն անում», — հավելել է Լավրովը, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Այժմ ասում են, որ եթե քառակողմ հանդիպում լինի, ապա մենք այնտեղ կներկայացնենք: Նշանակում է` նրանց սկանդալ է պետք: Եթե փաստերը կան, ապա չպետք է դրանք ներկայացնելուց ամաչել: Եթե ամաչում եք ներկայացնել, նշանակում է դուք փաստեր չունեք»,- ասել է Լավրովը:

Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու հարցով ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նեկայացուցիչների քառակողմ հանդիպումը նախատեսվում է  անցկացնել հաջորդ ուրբաթ:  Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն հայտարարել էր, որ Ռուսաստանը անմասն է Ուկրաինայի հարավ-արեւելքում կատարվող իրադարձություններին: