ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը ԱԺ նախագահին դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Նշենք, որ նա մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Հրազդանի տարածաշրջանից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 9-ի երեկոյան Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել: Հրազդանի «Վեվ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել, որի շարունակությանը միջամտել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը:

Մեր տեղեկություններով՝ վիճաբանող կողմերից մեկը եղել է պատգամավորի ընկերը, որը հաշիվներ պարզելու համար երկրորդ անգամ նույն տեղ գնացել է Դավիթ Քոչարյանի հետ: Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել է վիճաբանողներից մեկի գլխին, պատճառել մարմնական վնասվածք, այնուհետեւ մեկ անգամ էլ կրակել է գետնին:

Դեպքի վերաբերյալ մեկնաբանություն չի հաջողվում ստանալ Դավիթ Քոչարյանից, քանի որ նրա հեռախոսն անջատված է: Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, այն պատժվում է ազատազրկմամբ՝ 4-7 տարի ժամկետով: