Մայդանի ակտիվիստները մտադիր են հավաքվել Գերագույն Ռադայի շենքի մոտ եւ իշխանությունում կադրային փոփոխություններ, ինչպես նաեւ երկրի հարավ-արեւելքում առավել ակտիվ գործողություններ պահանջել, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Իշխանության գործողություններից դժգոհ բնակիչները մտադիր են պահանջել ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովի, ինչպես նաեւ նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի պաշտոնանկությունը:

Ակտիվիստները դժգոհ են նաեւ երկրի հարավ-արեւելքում հակաահաբեկչական գործողությունների պասիվ ընթացքից: 

Այս մասին խոսք է եղել երեկ ժամը 19:00-ին Կիեւի Մայդանում կայացած վեչեի ժամանակ: Կազմակերպիչներից Դմիտրի Ռիզնիչենկոն ասել է, որ Մայդանը ցանկանում են վերածնել նոր իշխանությունների գործողությունների հանդեպ դժգոհություններից դրդված:

Միաժամանակ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Վիկտորյա Սյումարը կարծում է, որ Գերագույն ռադայի աշխատանքի ապակայունացումը ձեռնտու է Ռուսաստանին: Ըստ նրա՝ Մոսկվան հող է նախապատրաստում երկրի ինչպես  արեւելքը, այնպես էլ կենտրոնն ապակայունացնելու համար: Գերագույն ռադայի գրոհը մեծապես կնպաստի այդ ապակայունացման ծրագրերին, հայտնում է  Ukrinform-ը: