«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մեկնաբանում Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, ըստ որի ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը:
ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը երեկ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դիրքորոշում արտահայտելու համար անհրաժեշտ է կուսակցությունում քննարկում լինի, հետեւաբար՝ առայժմ որեւէ բան չի կարող հայտնել: Երեկ՝ ավելի ուշ, Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց մեկնաբանությունից: Այսօր արդեն որեւէ ԲՀԿ-ականից չի հաջողվում մեկնաբանություն ստանալ, նրանց հեռախոսահամարները կամ անհասանելի են, կամ չեն պատասխանում հեռախոսազանգերին, կամ մեկնաբանություն չունեն: NEWS.am-ի տեղեկություններով՝ կուսակցությունում որոշում կա չմեկնաբանել ՀԱԿ-ի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ իրենք շարունակում են բանակցությունները ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ: ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ չպետք է սպասենք կառավարության ձեւավորմանը եւ նրա կողմից ծրագրի ներկայացմանը, որպեսզի վերաբերմունք հայտնենք նոր կառավարության նկատմամբ, հետեւաբար՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը:




























